Չնայած Վաղարշապատի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվելու է հոկտեմբերի 22-ից, բայց արդեն բավականին թեժացել է վիճակը. կան ամենօրյա ճնշումներ մեր թիմակիցների, նրանց բարեկամների վրա, որոնք պետական աշխատանք ունեն կամ մասնավոր բիզնեսներ ունեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավարող Սևակ Խաչատրյանը։
Նշենք, որ այս դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Սևակ Խաչատրյանը «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահն է։
«Մենք մի քանի օրից մանրամասն կխոսենք այդ մասին, փաստերով կներկայացնենք։ Այդ ամեն ինչը սկսվել է հենց ինձանից, երբ իմ հարազատներին, բարեկամներին պետական աշխատանքից ազատել են։ Ընտանիք կա, որ երկու հոգու են ազատել»,–ասաց նա։
Խոսելով իրենց դաշինքի ծրագրերից, Սևակ Խաչատրյանն ասաց. «Ծրագիրը կա, այն բացառապես կապված է Վաղարշապատ խոշորացված համայնքի, Էջմիածին քաղաքի, Խոյ համայնքի, գյուղական համայնքների հետ, որտեղ շատ-շատ աշխատանքներ կան անելու։ Մենք այս ընթացքում գյուղական բնակավայրերում հանդիպել ենք տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, կարևորագույն հինգ-տասը խնդիրները գրեթե բոլոր գյուղերում նույնն են։ Նախընտրական ծրագրում ներառելու ենք դրանք և պաշտոնական քարոզչության ընթացքում հանդիպումներով ներկայացնելու ենք ժողովրդին։ Մեր կարգախոսը լինելու է՝ «Եկել է ժամանակը»։
Անդրադառնալով իշխանությունների հայտարարությանը, որ «Գյումրի–2» չի լինելու, նա ընդգծեց. «Այո, մեր թիմն էլ համոզված է, որ իհարկե «Գյումրի 2» չի լինելու, լինելու է «Փարաքար 2» ընտրական մասով»։
Ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին և դրնից հետո հնարավոր զարգացումներին, Սևակ Խաչատրյանն ասաց. ««Հետևանքները կանխատեսելի չեն, ընտրություններից հետո կերևա, երբ որ ընդդիմությունը հաղթի, բայց կարծում եմ, ամեն բան նորմալ կլինի, չնայած նրան, որ այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Այսօր շատ ուժեղ ճնշումներ են Գյումրու քաղաքապետի վրա, ընդհուպ մինչև մեքենան առանց որևէ հիմքի տանում են տուգանային հրապարակ։ Դրանով փորձում են նաև վաղարշապատցուն վախեցնել, ցույց տալ, որ եթե ՔՊ–ն չհաղթի, այսպիսի քայլեր կլինեն, ինչ-որ լինում է Գյումրիում, ինչ-որ լինում է Փարաքարում, բայց մենք այդ ամեն ինչից չենք վախենում։ Մենք թիմով շատ հաստատակամ գնում ենք առաջ հաղթանակի»։
Նա համաձայն չէ տեսակետին, թե ընդդիմադիր ուժերի առանձին–առանձին մասնակցելը նվազեցնում է հաղթելու շանսը. «Ընդհակառակը, առավելություն է լինելու դա, որովհետև ընդդիմադիր ամեն ուժ ամեն հատված ունի իր ընտրողներին և ընտրության արդյունքներից հետո, ովքեր իրենց համարելու են ընդդիմադիր, համագործակցության եզրեր են լինելու, համագործակցության առաջարկներ են լինելու։ Բնականաբար համագործակցում չի լինելու ՔՊ–ի հետ, ՔՊ–ամերձ ուժերի հետ»։
News.am