Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում է կազմակերպել Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն նրանք չեն եկել հանդիպմանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ հանձնախումբը գումարել էր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում քահանաների հետ։
«Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու հանձնախմբի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Հովհանավանքում Տեր Արամ քահանայի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ Հովհաննավանքում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանային առողջական վիճակի պատճառով ժամանակավոր փոխարինել է Տեր Մանուկ քահանա Զենալյանը, ինչը դուր չի եկել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին։ Նշվում է, թե անգամ վիճաբանություն է սկսվել, Տեր Արամը սպառնացել է Տեր Մանուկին, անգամ ոստիկաններ են եկել։
Ավելի վաղ Տեր Արամ քահանա Ասատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել` ասելով, թե 2021թ–ին ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին մասնակցել է ստիպողաբար։ Նա Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրել էր իրեն հալածելու մեջ։ Ըստ Արամ քահանայի` պատճառը քաղաքական է. իրեն կասկածում են «փաշինյանական լինելու մեջ»։ Նա նաև հայտարարել էր, որ հոգևորականների գրառումները սոցցանցերում գրաքննվում են․ կա հատուկ մարմին, որը լծված է կոնկրետ այդ աշխատանքին։ Ըստ նրա՝ տարիներ առաջ հոգևորականներից մեկը կարգալույծ է արվել նախկին իշխանություններին նզովելու համար, սակայն այսօր խրախուսվում է նզովող հոգևորականը։ Տեր Արամը նաև հայտարարել էր, որ բոլոր այն հոգևորականները, որոնք կատարում են Քրիստոսի խոսքը, խնդիրներ են ունենում։
Արագածոտնի թեմն արձագանքեց այս հայտարարություններին՝ նշելով, թե հարցազրույցի նպատակն էր օգտագործել հոգևորականին իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար:
Տեր Արամի գրառումներին և ելույթներին հաջորդեց Հաղարծնի քահանա Տեր Տարոն քահանա Հունանյանի գրառումը, թե այլևս չի կարող լռել և «Տեր Արամի ու Տեր Թադեի (Թալինի հոգևոր հովիվը, որը հայտարարել էր. «Միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ». խմբ) վերջին շրջանի բարձրացրած ձայնը լսելի չէ այլ կերպ, քան միայն սրտով։ Նրանց խոսքի մեջ այս օրերին ես տեսա ոչ թե բողոք, այլ ճշմարտության հնձաններից քամված ցավ, որը սեղմվել է լռության մեջ երկար տարիներ, բայց որն այլևս հնարավոր չի եղել լռությամբ ու վախով ճնշել․․․ Ինձ խիստ ցավ է պատճառում, երբ Եկեղեցու ներսում ներքին կարգուկանոնի շղարշի ներքո անտեսվում է քրիստոնեության բուն առաքելությունը, երբ Աստուծո խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, մեղադրանքներ, սպառնալիքներ, դատապարտումներ, իսկ Աստծո սիրո փոխարեն գործում է կանոնական հիմքից զուրկ վարչական սառնասիրտ անտարբերություն»։
Հատկանշականն այն է, որ Տեր Տարոնն օրեր առաջ մեկ այլ գրառում էլ է արել. «Եթե հայ եկեղեցում կան հաշված սրբազաններ, ում ես շատ եմ սիրում, ապա հաստատ այդ թվում են Միքայել սրբազանը և Բագրատ սրբազանը, որոնց համար ես ոչ թե ֆեյսբուքում գրառումներ եմ անում, այլ աղոթում եմ՝ Տիրոջ զորակցությունն եմ խնդրում նրանց համար, քանզի այլ ճանապարհ չի մնում, երբ անզոր ես»։
Sputnik Արմենիա