Логотип

«Իրավաբանություն ակնկալում ենք, բայց չենք ստանում»․ Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն կլինի՞

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Արշակ Վարդանյանն Armenia Today-ին մեկնաբանել է իրավապահների՝ գործարարի կալանքը երկարաձգելու մտադրության վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկությունը։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Քննչական կոմիտեն մտադիր է կալանքը երկարաձգելու նոր միջնորդություն ներկայացնել:

Փաստաբանը նշել է, որ այս պահին տեղեկություն չունեն՝ միջնորդություն կլինի՞, թե՞ ոչ։

«Այս պահին միջնորդության մուտք չկա։ Բայց կալանքի ժամկետը հոկտեմբերի 18-ին լրանում է, որից 5 օր շուտ պետք է այդ հարցը որոշեն, եթե մուտքագրում են, մուտքագրեն»,- հավելել է Վարդանյանը։

Նա պարզաբանել է, որ միջնորդությունը պետք է մուտք անեն, հետո նոր դատական նիստի օր նշանակվի։

Կարապետյանի գործին ու մինչ օրս ներկայացված միջնորդություններին անդրադառնալով՝ փաստաբանը հիշեցրել է առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերի բացակայության մասին:

«Իրավաբանություն դեռ ակնկալում ենք, բայց չենք ստանում»,- հավելել է նա։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ իշխանությունների արշավը քննադատելուց հետո: Օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։