Логотип

Կկվի օրն եմ ընկել, էդ մի էրեխես է մնացել․ Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության մոտ է

Հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի մայրը՝ տիկին Մարիամը, իրավապահներին մեղադրում է անգործության մեջ։ Ասում է՝ երբ հարցը վերաբերում էր որդուն ձերբակալելուն և կալանավորելուն, կայծակնային արագությամբ արեցին, բայց երբ հերթը հասել է որդու առողջական վիճակն ուսումնասիրելուն և հասկանալուն, որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, չեն անում։

«Իմ վիշտն ու ցավն էնքան մեծ է, կկվի օրն եմ ընկել, ձագերին տանում են, ուտում, հիմա վերջինը մնացել է, ընկել են էդ երեխուս հետևից»,- դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Մարիամը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ որդուն հարվածել են, ինչի հետևանքով խախտվել է նրա կարդիոստիմուլյատորը։

«Իմ էրեխեն հիմի էնտեղ անտերության մեջ, որ վատանա, չգիտեմ՝ ով է տիրություն անելու»,- նշեց նա։

Նշեց, որ օրեր առաջ դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունով, սակայն այն մակագրել են տարածքային այլ ստորաբաժանում, ու մինչ օրս պատասխան չկա։ Մինչդեռ մեկ օրն ու ժամն էլ որդու առողջական վիճակի համար նշանակություն ունի։

«Ակցիա անելը, երեխաներին պահանջելը հանցա՞նք է»,- ասում է Արսեն Ղուկասյանի մայրը։

Վստահ է, որ որդուն կալանավորել են վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, քանի որ Ղուկասյանի վրա ատամ ունի։

«Ընդունարանում վարչապետն ինձ ասել է՝ տղուդ վրա պետք ա գործ հարուցեմ, որ խելքը գլուխը գա։ Ասել եմ՝ իմ նման ծնողին, որ 2 կորուստ ունի, նման բան ես ասո՞ւմ»,- ասաց Արսեն Ղուկասյանի մայրը։

Sputnik Արմենիա