Логотип

Երևանում խորհրդային կենցաղի առարկաների ցուցահանդես է բացվել

Երևանում բացվել է խորհրդային ինտերիերի և կենցաղի առարկաների ցուցահանդեսը, հաղորդում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը:

«Երևանի բնակիչների՝ ԽՍՀՄ-ի ժամանակների ինտերիերի և կենցաղի իրերը, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում մայրաքաղաքի տարբեր պրոֆիլի գործարաններում արտադրված արտադրանքը ներկայացված են Երևան քաղաքի պատմության թանգարանի «Հուշեր խորհրդային Երևանի բնակարանից» ցուցահանդեսում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը, մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը, բացելով ցուցադրությունը, ընդգծել է, որ ցուցահանդեսը կոչված է ցույց տալ խորհրդային Երևանի կյանքի և արդյունաբերության ամբողջական պատկերը՝ լուսաբանելով մայրաքաղաքի սոցիալական, արդյունաբերական և մշակութային պատմության կարևոր և պրոգրեսիվ շրջանը:

«Մենք այդ ցուցանմուշները հավաքում էինք մի քանի տարի շարունակ, և ահա այսօր՝ մեր սիրելի մայրաքաղաքի 2807-ամյակին ընդառաջ, որոշեցինք դրանք ներկայացնել հանրության ուշադրությանը։ Ի դեպ, մենք բազմաթիվ բացառիկ ցուցանմուշներ ունենք, որոնք հանրությանը ներկայացվում են առաջին անգամ, օրինակ՝ Վլադիմիր Լենինի խորհրդանշական նամակը Հայաստանի, Վրաստանի և Կովկասի մյուս հանրապետությունների կոմունիստներին, 1930-36 թթ. Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ննջասենյակի կահույքը և այլ հազվագյուտ իրեր»,-նշել է նա։

Նրա կարծիքով՝ ցուցահանդեսի այցելուները անցած օրերի բարի և նոստալգիկ զգացողություններ կունենան։

Sputnik Արմենիա