Ամերիկյան և համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրման համար 100% մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին:
AP News-ի տվյալներով՝ Truth Social սոցցանցում Թրամփի ուղերձի հրապարակումից հետո Dow Jones-ը նվազել է մոտ 1,9%-ով, S&P 500-ը՝ 2,7%-ով, Nasdaq-ը՝ 3,6%-ով: Հատկապես տուժել են տեխնոլոգիական ընկերությունները, որոնք սերտորեն կապված են չինական մատակարարման շղթաների հետ, ներառյալ Apple-ը, Tesla-ն և Nvidia-ն:
Ինչպես նշում է Reuters-ը, ներդրողները սկսել են հեռանալ ռիսկային ակտիվներից՝ միջոցները տեղափոխելով ավելի անվտանգ գործիքներ, մասնավորապես՝ պետական պարտատոմսեր և ոսկի: Միևնույն ժամանակ դոլարն ամրապնդվել է, իսկ գանձապետական արժեթղթերի եկամտաբերությունը՝ նվազել։
Անկումն անդրադարձել է նաև կրիպտոարժույթների շուկային։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, բիթքոինի արժեքը ԱՄՆ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո նվազել է ավելի քան 12 տոկոսով՝ ինչը ամենամեծ անկումն է ապրիլի սկզբից ի վեր։ Հրապարակումից հետո առաջին ժամվա ընթացքում լիկվիդացվել են ավելի քան 7 միլիարդ դոլարի կրիպտոարժութային դիրքեր։ Ավելի ուշ փոխարժեքը մասամբ կայունացել է։
Sputnik Արմենիա