Логотип

Վեճ, ծեծկտուք և կրակոցներ Աբովյան քաղաքում. վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վիճաբանություն և ծեծկտուք է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Միջադեպի հետևանքով կան 3 վիրավորներ, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Միջադեպի մասին ոստիկաննությունն այս մասին ահազանգը ստացել է այսօր` ժամը 01:00-ի սահմաններում։ Պարզվել է, որ գիշերը ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում մի խումբ անձիք վիճաբանել են, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Իսկ արդեն 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է:

«Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ»,–գրում է կայքը։

Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ իրենց մոտ տեղափոխվել են որկու քաղաքացի, որոնցից մեկը` «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է և 39-ամյա Վահե Վ-ն:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, բջջային հեռախոս:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հանցագործությունը գրեթե բացահայտել են և հայտնաբերել նաև հանցագործության գործիք ատրճանակը: Նախաքննության շահերից ելնելով` որոշ հանգամանքներ չեն հրապարակվում:

Sputnik Արմենիա