ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Դարել Իսանն օրինագիծ է ներկայացրել Հարավային Կովկասում լարվածության թուլացման և ներգրավվածության մասին, որը կոչվում է «PEACE Act»՝ «Խաղաղության ակտ»։ Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է Հայ դատի արևմտյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ Գևորգ Հակոբջյանը:
Պատասխանելով «Թրամփի ուղու» և օրինագծի կապի մասին հարցին՝ Հակոբջյանը նշել է. «Չնայած իր նպատակին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Հայաստանի վրա նոր հարձակման դեպքում, իր մեջ պարունակում է մի վտանգավոր դրույթ, որն ուղղակիորեն կապված է «Թրամփի ուղու» հետ»:
Հստակեցնող հարցին՝ ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, նա նշել է. «Ֆինանսական պատժամիջոցներից սկսած մինչև տեղաշարժի սահմանափակում, ԱՄՆ մուտքի արգելք, ԱՄՆ-ում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվների սահամափակում: Բայց կա նաև մյուս կողմը՝ վտանգավոր 4-րդ պարբերությունը, որտեղ հստակ նշված է, որ նրանք, ովքեր դեմ են օգոստոսի 8-ի համաձայնագրին, կարող են պխատժամիջոցների և քրեական հետախնդումների ենթարկվել: Հայ դատի համար այս բանաձևն անընդունելի է»:
Գևորգ Հակոբջյանի խոսքով՝ չնայած այն նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ ապագա ագրեսիայի դեպքում, օրինագիծը կիսատ է։
«Ոչ մի նշում չկա Արցախի հայերի, ռազմագերիների և պատանդների վերադարձը ապահովելու գծով: Այսինքն՝ այս բոլոր հիմնախնդիրները թողնված են ապագային»: