Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հարազատներն ու ընկերները բողոքի ակցիան են անցկացնում Մերձավան համայնքում` Գրիգորյանի առանձնատան դիմաց։ Ցուցարարները հայտարարեցին, որ չեն պատրաստվում փակել փողոցները, այլ հավաքվել են խաղաղ ցույցի ՝ իրենց բողոքն արտահայտելու համար:
«Իրավապահ մարմիններից պահանջում ենք արդար քննություն անցկացնել և պարզել հանցագործության բոլոր մանրամասները»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Լրագրողների ճշտող հարցին, թե արդյո՞ք հավաքվածները պատրաստվում են ակցիա իրականացնել նաև Մհեր Ախտոյանի տան դիմաց, հավաքվածները ասեցին, որ իմաստ չեն տեսնում, քանի որ Ախտոյանը ընտանիքի հետ արդեն լքել է գյուղը, բայց արդյո՞ք դա մշտական է, դեռ չգիտեն։
«Խնդիրը, ըստ իրավապահ մարմինների տեղեկատվության, վերաբերում է այդ ընտանիքին։ Եթե քայլեր ձեռնարկվեն, որ այդ ընտանիքը իր բնակության վայրը մշտական փոխի, ապա որոշ չափով համայնքում լարվածությունը կթոթափվի»,– ասաց Վալոդյա Գրիգորյանի ընկերը` Լևոն Օհանյանը։
Հավաքվածները չեն հավատում այն վարկածին, թե Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։ Ըստ նրանց` ներկայիս իշխանություններն են կանգնած սպանության հետևում։
«Այս լարվածությունը իշխանություններն են ստեղծել, որովհետև Գրիգորյանը վատ բան չէր կարող անել, նա միայն լավն էր ստեղծում։ Իշխանությունը ուզում էր Գրիգորյանին իր կողմը թեքել, բայց չէր հաջողվում, դրա համար այսպես արեցին։ Ինչ վենդետայի մասին կարող է խոսք լինել, այդ 20 տարեկանը անգամ չէր ճանաչում Վոլոդյային, դա պատվեր էր, ուղեղը լվացել են իրա»,– ասաց ակցիայի մասնակիցներից Արտավազդ Հակոբյանը։
Ակցիայի մասնակիցները ստորագրեցին կառավարությանը ուղղված հանրագրի տակ, որտեղ խնդրում են գործադիր իշխանությանը քայլեր ձեռնարկել Ախտոյանների բնակությունը Փարաքար համայքում դադարեցնելու համար։ Ըստ նրանց՝ դա արվում է համայքի լարվածությունը մեղմելու համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա