Логотип

Արցախի պետնախարար․ «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից դրդված

Շատ արցախահայեր ոչ թե վաղվա, այլ այսօրվա համար են պայքար մղում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` նշելով, որ «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը բացվել է կարիքից դրդված։ Նա չհերքեց, որ Հայաստանի կառավարությունը մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացնում, սակայն նկատեց, որ, օրինակ, բնակարանային ապահովման ծրագրում հաշվարկված չեն հայաստանյան շուկայական գները։

«Մենք բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին, որին հաջորդեց հանրահավաքը։ Հանդիպեցինք քաղաքական ուժերի հետ, իսկ կառավարությունը մեզ խոստացավ որոշակի լուծումներ։ Մեկ ամիս մնացինք Ազատության հրապարակում, ներկայացրինք օրակարգը՝ շատ լավ գիտակցելով, որ այսօրվա իշխանություններից մեծ ակնկալիք չունենք, քանի որ նրանց համար Արցախի հարցը փակ է, վերադարձի հարցը փակ է»,– նշեց նա։

Պետնախարարի խոսքով՝ բարեգործական հիմնադրամի հիմնական նպատակը Արցախից տեղահանվածների, զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրելն է։

«Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց է տրամադրվելու աջակցություն։ Պայթյունից տուժած ընտանիքներ են ներառվելու, քանի որ որոշների վիճակն օրհասական է, իսկ կառավարության կողմից տրամադրված աջակցությունը բավարար չէ։ Կառավարությունը խոստացավ մեզ պայթյունից զոհվածների ընտանիքներին կարգավիճակ տալ, բայց մինչ օրս այդ խոստումը չի կատարվել։ Կան մարդիկ, որոնք մասնակցել են պատերազմին ու այդ չարաբաստիկ պայթյունից զոհվել, և այդ մարդկանց ընտանիքներին մյուսների հետ նույն հարթության վրա դնելը ճիշտ չէ»,- շարունակեց Նժդեհ Իսկանդարյանը։

Իսկանդարյանը դիմեց այն գործարարներին, որոնց բիզնեսը ժամանակին մեծ հաջաղություն է ունեցել Արցախում` հիշեցնելով, որ արտոնություններ են եղել բիզեսի կայացման համար։

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Sputnik Արմենիա