Логотип

Բաքվի բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը կապ է հաստատել ընտանիքի հետ

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։ Նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ Վիգենը զանգել է հոկտեմբերի 10–ին։

«Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,– պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են այդ իրերը փոխանցելու նրան։

Էուլջեքչյանի ընտանիքը դիմել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին` հետաքրքրվելով, թե կա՞ արդյոք որևէ տարբերակ իրերը փոխանցելու համար։ Սահակյանն ասել է, որ այդ հարցում այլևս չեն կարող օգնել, մանավանդ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը գերիներին այցելում է և որի միջոցով հնարավոր կլիներ որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել։

Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։

Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։ Վերջին` 20–օրյա հացադուլը նա հայտարարել էր այս տարվա սեպտեմբերի 2–ին։ Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։

Sputnik Արմենիա