Логотип

Արամուսում ամուսիններին սպանելուց հետո տղամարդը ևս 2 սպանություն է գործել

Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը Զովաշենում իր որսորդական հրացանով ևս 2 անձի է սպանել: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով՝ տղամարդը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ է արձակել Զովունում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

Makaryan news-ը որոշ տեղեկություններ է հայտնել Զովաշենում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

ԶԼՄ-ի տվյալներով՝ տղամարդը Արամուսի գազարի դաշտում ամուսիններին հրազենով սպանելուց հետո գնացել է Հատիս սարի հետևում գտնվող Զովաշեն գյուղ, որտեղ մի զրուցարանի մոտ տեսել է Audi մակնիշի մեքենա, որի կողքին էլ՝ կին ու տղամարդ: Կան կասկածներ, որ հանցագործը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն տղամարդը չի տվել։ Հանցագործը կրակել է նրանց ուղղությամբ, այնուհետև վերցրել մեքենան ու փախուստի դիմել։ Ավելի ուշ հանցագործը հայտնաբերվել է հենց նշված Audi մակնիշի մեքենայով` հրազենն էլ՝ մեջը: ԶԼՄ-ի տեղոկություններով՝ հարազատները միայն մեկ օր անց են իմացել կատարվածի մասին, երբ փնտրել են զույգին ու գտել նրանց մարմինները զրուցարանում։

Նշենք, որ Sputnik Արմենիան փորձեց տեղեկությունները ճշտել ՀՀ քննչական կոմիտեում, որտեղ խոստացան ավելի ուշ պատասխանել մեր հարցերին։

Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։

Sputnik Արմենիա