ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Ալիեվը, փաստորեն, իմաստից և լեգիտիմությունից զրկեց խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը։ Հիմա, եթե անգամ Երևանը համաձայնի առաջ քաշված պայմաններին և ստորագրի պայմանագիրը, դրա (պայմանագրի) արժեքը չնչին կլինի։ Այսպես ասած, ատրճանակի սպառնալիքով ստորագրած փաստաթուղթը հայկական կողմին տալիս է բոլոր հիմքերը՝ հետագայում չկատարելու դրա դրույթները և առհասարակ հետ կանչելու իր ստորագրությունը։
Ալիևը, հավանաբար, հաշվարկ է կառուցում նաև այն բանի վրա, որ տարիներ շարունակ հայ հասարակությանը պարտադրվել է այն թեզը, թե հրաժարվելով Արցախից՝ Հայաստանը կապրի հանգիստ ու երջանիկ։ Եվ շատ իզուր։ Հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում ահաբեկչական գործողություններով և ողջ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների բացահայտ հայտարարմամբ նա ինքն ապացուցեց այդ թեզի բացարձակ տխմարությունը։ Քանզի արդեն պարզ պետք է լինի բոլորին ու յուրաքանչյուրին, որ առաջ քաշված պայմաններով (պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և ադրբեջանական քմահաճույքների հիման վրա անցկացնել սահմանազատումը) Ադրբեջանը կանգ չի առնի։ Ասենք, տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։
Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներով ու վերջնագրով հանդես եկավ Անկարայից վերադառնալուն պես։ Այնտեղ նա մարտի 15-ին հանդիպել է իր «ավագ եղբոր»՝ Էրդողանի հետ, և քննարկել են նրանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։ Եվ արդեն մարտի 18-ին Ալիևը, ակնհայտորեն ոգի առած թուրք առաջնորդի հետ երկխոսությունից, վերջնագիր է ներկայացնում։ Պարզ է, որ ինչպես միշտ, այնպես էլ տվյալ դեպքում ակներև է Բաքվի դիրքորոշման համաձայնեցումն Անկարայի հետ։ Պարզ է նաև, որ Երևանի հասցեին ալիևյան սպառնալիքների տակ, ասենք այսպես, ստորագրում է նաև Էրդողանը։ Վերջապես, պարզ է, որ Հայաստանի հասցեին Բաքվից հնչող ցանկացած ագրեսիվ քայլերին և խոսքերին մշտապես և միանշանակորեն աջակցում է Անկարան։ Այս պատմության մեջ անհասկանալի է մեկ այլ բան։
Ալիևյան հերթական սպառնալիքների խորապատկերին, որոնք ակնհայտորեն ներշնչված են Թուրքիա կատարած այցով, հայկական կողմն ակտիվացնում է հայ—թուրքական սահմանի բացման գործընթացը։ Այսպես, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստությունը Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի հնարավոր բացմանը, հայտնել են գերատեսչությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։ «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ—ին հանձնելու համար»,- ասված է պատասխանում:
Այսպիսով, մինչ թուրք—ադրբեջանական տանդեմը վերջնագրեր է ներկայացնում Երևանին և բացահայտ սպառնում պատերազմով, Հայաստանում հայ—թուրքական սահմանի բացման հարցը ոչ միայն տարօրինակ կերպով մնում է օրակարգում, այլև արագացվում են աշխատանքներն այդ ուղղությամբ։ Իրավիճակն առավելևս արտառոց է, եթե հաշվի առնենք, որ բառացիորեն մեկ շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարեց հայ—ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում ահագնացման մեծ վտանգի մասին։ «Ես ելնում եմ Ադրբեջանի գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանությունից և, իհարկե, այլ տվյալներ էլ կան»,- ասաց նա:
Եվ այս պայմաններում հայկական կողմը Թուրքիայի հետ տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներ է լուծում։ Հարց. ինչպե՞ս կցանկանա թուրքական կողմն օգտագործել հաղորդակցության այդ ուղիները, կամուրջներն ու ճանապարհները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: Հաստատ ոչ հայ—թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով…