Մեծ Բրիտանիայի` Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն վերացնելու որոշումը թե՛ աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունի, թե՛ տեխնիկական բնույթ է կրում ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Թագավորությունը վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն` դա բացատրելով Վաշինգտոնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում գրանցված առաջընթացով։
«Տեխնիկական տեսանկյունից պետք է հասկանալ, որ դեռ 1992 թվականին ԵԱՀԿ հանձնարարությամբ սահմանված էմբարգոն կապված էր Ղարաբաղյան հակամարտության հետ։ Լոնդոնն այժմ կարծում է, որ հակամարտությունը սպառված է, ուստի արգելքը կարելի է վերացնել»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ ռազմական փորձագետը նշեց, որ Լոնդոնը չի ցանկանում հետ մնալ ԱՄՆ-ից։ Նա հիշեցրեց, որ Միացյալ Նահագները Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո չեղարկեց Ազատության աջակցության բանաձևի 907-րդ հոդվածը, որով արգելում էր Ադրբեջանին զենքի մատակարարումը և անվտանգային աջակցության տրամադրումը։
«Իհարկե, այստեղ կա նաև աշխարհաքաղաքական մոտիվացիա։ Այդ հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնը հնարավորություն կունենա Հայաստանին և Ադրբեջանին աջակցել հիբրիդային պատերազմներում։ Ակնհայտ է, որ բրիտանացիների ըմբռնմամբ` այդ սովորական և հիբրիդային սպառնալիքները բխում են նաև Ռուսաստանից։ Այս տեսանկյունից կարելի է խոսել նաև Հարավային Կովկասում Ռուսաստանին հակազդելու կամ մրցակցելու ձգտման մասին», – նշեց Հարությունովը։
Նրա խոսքով` բաց է մնում հարցը, թե որքանով են բրիտանական իշխանություններն իրականում պատրաստ և ունակ զենք մատակարարել Երևանին ու Բաքվին։ Նա հիշեցրեց, որ բրիտանական զենքը էժան չէ, և ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Լոնդոնի հետ ռազմատեխնիկական գործակցությունը չափազանց ծախսատար կլինի։
«Բրիտանիան հիմա կենտրոնացած է Ուկրաինայի, ինչպես նաև իր սեփական զինված ուժերի հնարավորությունները մեծացնելու վրա։ Այդ պատճառով չեմ կարծում, որ միանգամից ինչ–որ լայնածավալ գնումներ լինի Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից։ Վերջիններս արդեն քիչ թե շատ կայուն ռազմատեխնիկական համագործակցություն ունեն կոնկրետ երկրների հետ»,– շարունակեց ռազմական փորձագետը։
Ըստ Հարությունովի` բրիտանական իշխանությունները թեև հայտարարում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին, միևնույն է` չեն թաքցնում, որ Բաքվի հետ հարաբերություններն անհամեմատ ավելի կարևոր են։ Նա նկատեց, որ Ադրբեջանի հետ Բրիտանիան նավթային ոլորտում բազմամիլիարդանոց ներդրումների ունի, իսկ Հայաստանի հետ երկխոսությունը դեռևս ավելի շատ հռչակագրային բնույթի է։
«Ընդհանուր առմամբ չի զգացվում, որ Մեծ Բրիտանիան ինչ–որ կոնկրետ շահագրգռվածություն ունի Հայաստանի նկատմամբ, թեև կան ինչ–որ ոլորտներ` տնտեսական և այլ, որտեղ կարող է շահագրգռվածություն ունենալ»,– ասաց նա։
Դավիթ Հարությունովի խոսքով` վաղուց հայտնի է, որ Մեծ Բրիտանիան ինչ–որ հարցերում ավելի ակտիվ է լինում, քան ընդհանուր Արևմուտքը, հատկապես Ռուսաստանի հետ կապված գործընթացներում։ Ըստ նրա` սա էլ այս ավանդույթի շարունակությունն է։