Բերման ենթարկված հոգևորականներից մի մասին ազատ են արձակել, բայց նրանք դեռևս Քննչական կոմիտեից դուրս չեն եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Փաստաբաններով գտնվում ենք Երևան քաղաքի Քննչական վարչության դիմաց։ Անհայտացել է Արագածոտնի թեմի առաջնորդը։ Մնացած սարկավագները, քահանաները, վկայի կարգավիճակով հրավիրվել են վարչություն։ Բերման էին ենթարկվել, բայց հետո քննիչները ծանուցագրեր տվեցին, իբր մի մասին ազատ արձակեցին, բայց դեռ շենքից դուրս չեն եկել։
Հիմա սպասում ենք Մկրտիչ Սրբազանին։ Իրենք ազատության սահմանափակում այս պահին չունեն, բայց գտնվում են ներսում վկայի կարգավիճակով։ Իսկ Մկրտիչ Սրբազանն այս պահին կորել է։ 2,5 ժամ ժամ առաջ խուզարկությունը վերջացել է, քննիչը դուրս է եկել Մկրտիչ Սրբազանի հետ ու այլևս տեղեկություն չունենք»,- նշեց նա։
Ֆարմանյանի խոսքով՝ մյուս անձանց խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնեց, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։
Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգևորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է: