Բերման ենթակված հոգևորականները չեն հարցաքննվել, քանի որ պահանջել են հարցաքննություն փաստաբանի ներկայությամբ։ Քննչականում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Նրանց մի մասը դուրս է եկել, բայց ներսում էլի ունենք քահանա, ով դեռ դուրս չի եկել։ Անունն այս պահին չեմ հիշի»,– ասաց Ֆանյանը։
Փաստաբաններին դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։
«Խուզարկություն է իրականացվել, և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել նրա ուղեկցությամբ, հավանաբար, որ բերվի նախաքննական մարմին, սակայն մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը։ Այս պահին անհայտ է, թե ինչ գործողություններ են նրա հետ իրականացվում, բնականաբար բոլոր գործողությունները ապօրինի են, բայց ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ հոգեբանական, այլապես իմաստը ուղղակի այս բռնի անհետացման կբացակայեր»,– ասաց Ֆանյանը։
«Խուզարկություն է իրականացվել, և խուզարկություն իրականացրած քննիչի հետ Սրբազանը դուրս է եկել նրա ուղեկցությամբ, հավանաբար, որ բերվի նախաքննական մարմին, սակայն մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը»։
Իսկ փաստաբան Արա Զոհրաբյանը հավելեց, որ ինքը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անհետանալու փաստով հաղորդում է ներկայացրել, քանի որ անհետացում է։ Նա նաև նշեց, որ խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր ու համակարգիչ։
«Մի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչներն ու հեռախոսներն են առգրավվել»,- նշեց Զոհրաբյանը։
Փաստաբաններից Մարինե Ֆարմանյանը նշեց, թե ցանկանում է մուտք գործել Քննչական կոմիտե, սակայն թույլ չեն տալիս։
«Վերջին 20 տարում չի եղել, որ անգամ չկարողանանք ընդհանուր բաժին մուտք գործել ու որպես փաստաբան գործով ներգրավվելու դիմում ներկայացնել։ Միայն տեղեկացանք, որ հոգևորականները վկայի կարգավիճակում են»,- ասաց Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի ևս 5 քահանայի տանը, և նրանք բերման են ենթարկվել։ Բերման են ենթարկվել նաև աշխարհիկ անձիք։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ հոգևորականները տարվել են քննչական բաժին «Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել» կասկածանքով։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը հայտնի չէ։
Sputnik Արմենիա