Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը և նրան սպսարկող ուժային կառույցները: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին»,-նշել է նա:
Ավելի վաղ NWES.am–ը հայտնել էր, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգևորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։