Մայր աթոռի դեմ հարձակումից առաջ իշխանությունն իր վերջին նախապատրաստությունն է իրականացնում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից Արագածոտնի թեմում իրականացված ձերբակալություններն ու խուզարկությունները։
Այս պահին դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, առաջնորդարանի դիվանապետ, Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի և առաջնորդարանի հաշվապահի կալանքի միջնորդությունները։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ 13 հոգևորականների և 3 աշխարհիկ ծառայողների ձերբակալությունները լիովին տեղավորվում են Մայր աթոռի դեմ հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ։
«Ակնհայտ է, որ այս իշխանության համար որևէ սահման վաղուց գոյություն չունի, նշանակություն չունի, թե ում նկատմամբ են իրականացվում այդ հարձակումներն ու ապօրինությունները։ Այս պարագայում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների համատեքստում հերթով փորձում են թիրախավորել այն թեմերը, որոնց միջոցով է եկեղեցին հանրապետության տարածքում իրականացնում իր առաքելությունն ու ծառայությունը»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորն անդրադարձավ ՀՀ քննչական կոմիտեի՝ նախօրեին տարածած հաղորդագրությանը և հրապարակած «իրեղեն ապացույցների» լուսանկարներին։ ՔԿ-ն հայտնել էր, որ 3 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ Որպես ապացույցներ հրապարակվել էին տարբեր արժույթներով թղթադրամներ, մետաղադրամներ, բենզինի կտրոններ և այլն։
«Այստեղ իրավական որևէ բան գոյություն չունի։ Այն իրերը, որ ներկայացված էր, նաև գումարը, թեմի շրջանառու միջոցներն են։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկի համար նորություն էր, որ նվիրատվություն է կատարվում, գումար է շրջանառվում, ծառայություն իրականացնելիս նաև բենզինի կտրոններ է օգտագործվում, այսինքն՝ որևէ կրիմինալ բան այնտեղ չկար»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ ՔԿ հաղորդագրությունն ու հրապարակած լուսանկարները գալիս են հաստատելու, որ իրավապահ համակարգն աշխատում է օրենքից դուրս։