Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա հետ տեսակցությունները։ Բացառություն է մայրը։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպանները կարծում են, որ որոշումն անհիմն է և պատրաստվում են բողոքարկել այն։
Նշենք, որ կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Sputnik Արմենիա