Մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հոկտեմբերի 15–ի լույս 16–ի գիշերը քննվում էր Արագածոտնի թեմի առաջնորդի, առաջնորդարանի դիվանապետ, Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի և առաջնորդարանի հաշվապահի կալանքի միջնորդությունները։