Логотип

Պաշտպան․ Ենթադրյալ արարքներից մեկը, որով մեղադրվում է Մկրտիչ Սրբազանը, 2021-ին հանցագործություն չէր համարվում

Մկրտիչ Սրբազանը կալանավորվեց երկու ամսով, դատարանը նաև տեսակցությունները սահմանափակեց այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականի՝ մոր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Մկրտիչ Սրբազանի պաշտաններից Երեմ Սարգսյանը։

«Դատարանը գտավ, որ այլընտրանքային խափանամիջոցների կիրառումը՝ տնային կալանք, գրավ և այլն, այս պահին բավարար չէ։ Վերաքննիչ դատարանում միանշանակ բողոքարկելու ենք որոշումը, որովհետև այստեղ ակնհայտ ապօրինի դատական ակտի հատկանիշ կա և դրա մասին ամբողջ դատաքննության ընթացքում ասում էինք։

Երկու կարևոր նկատառում պետք է ընդգծենք: Այս պահին հոդվածներից մեկը, որը մեղսագրվում է, այն պահին, երբ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել: Այսինքն իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի և կոնկրետ անձի չընտրի, իսկ 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իիսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել։ Հետևաբար սա չէր կարող ընդհանրապես որպես մեղադրանք ներկայացվել։

Բայց ինչպես տեսնում ենք իրենք այսպես չակերտների մեջ ասած խուլ են, համր են, չեն տեսնում, չեն լսում, այնքան ժամանակ, քանի դեռ սա կոնկրետ հրահանգի արդյունք է»,–ասաց նա։

Մյուս հոդվածով էլ, ըստ պաշտպանի, իրենք ասում են, որ դու կոնկրետ մեթոդների կիրառմամբ, քո լիազորությունները գործադրելով հարկադրել ես հավաքի մասնակցել, չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված, թե ինչ եղանակով է այդ հարկադրումը կատարվել. «Ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայողական լիազորությունները չկարողացան ցույց տալ։ Այսինքն, ընդամենը խոսքեր են, որ հանցագործություն է կատարել, բայց թե այդ հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկա, հետևաբար առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու ենք»։

Դիտարկմանը, որ ՔԿ–ն լուսանկարներ է տարածել, որտեղ երևում է գումար, ոսկյա ձուլակտորներ, Սարգսյանն ասաց. «Գնացել են, թեմում խուզարկություն են արել, բնականաբար գումար էլ կհայտնաբերեն։ Ի՞նչ խնդիր է, որ գումար են հայտնաբերել, թեմի առաջնորդարանում գումար պետք է չլինե՞ր։ Շատ բնական է, որ կա և պետք է լինի, որովհետև այնտեղ բազմաթիվ ծախսեր կան, որոնք պետք է հոգալ»։

Նա նկատեց, որ մինչ օրս որևէ քահանա անգամ չէր ձերբակալվել, «մեկ էլ քաղաքական իշխանության ղեկավարը հայտարարում է եկեղեցու դեմ պայքարի մասին, ամբողջ քննչական, դատախազական, ոստիկանական, ԱԱԾ-ի համակարգը լցվում է սրբազանների կալանավորման, քահանաների կալանավորման գործին։ Այսքանից հետո կարելի է ասել, որ սա սովորական իրավական գործընթա՞ց է։ Իհարկե ոչ։ Հետևաբար չպետք է զարմանալ այսօր, որ այս մարմինները անում են այն, ինչը որ ակնկալվում է քաղաքական իշխանության կողմից»։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը 2 ամսով կալանավորեց Մկրտիչ Սրբազանին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:

News.am