Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանց հետ հանդիպման եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ իրենց հարցով կառավարությունը զբաղվում է ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ–ի շրջանակներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։
«Տեղյակ ենք և զբաղվում ենք։ Սրանից ավելի այս պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք զբաղվում։ Աշխատանքային մի երկու բան որ ասեմ, մեր ու ձեր գործին կարող է խանգարել։ Բայց հավատացեք` ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ում զբաղվում ենք էս հարցով»,- ասաց նախարար Պապոյանը կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող բեռնատարների վարորդների հետ զրույցում։
Նշեց՝ ինքն էլ գիտի, որ 90-օրյա ժամկետով սահմանափակումը բավարար չէ, որովհետև այդ օրերի մեծ մասը վարորդները կարող են միայն Լարսում անցկացնել։
Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ հարցը կլուծվի, թեպետ կոնկրետ ժամկետներ նշել չկարողացավ։
Վարորդները հույս չունեն, որ հարցը կլուծվի, ուստի կառավարության շենքի մոտից հրաժարվում են հեռանալ, քանի դեռ լուծման կոնկրետ ճանապարհներ ու ժամկետներ չեն նշվում։ Ասում են՝ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, բեռնատարներով ճանապարհներ են փակելու։
Sputnik Արմենիա