ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՎԵՐՋԱՊԵՍ ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, ԹԵ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սա, թերևս, կարելի է դիտարկել որպես պարգև «անսպասելիորեն դրսևորած քաղաքական կոմպետենտության» համար։ Բայց…
Ոմանք համարում են, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը հենց այն «կադաստրի վկայականն» է, որի մասին դեռ ամիսներ առաջ խոսում էր Փաշինյանը։ Իրականում դա բնավ այդպես չէ։ Պայմանական «կադաստրի վկայականում» պետք է հստակ նշված լինեն տարածքների մակերեսները, մինչդեռ ալիևյան հայտարարության մեջ դա չկա։ Ադրբեջանի նախագահը չի ասում, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կիլոմետրի սահմաններում։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ փոխադարձության պայմանով ճանաչում է Ադրբեջանի տարածքը 86.600 քառակուսի կիլոմետր մակերեսով, Արցախը ներառյալ: Այսինքն Ալիևը պետք է նշեր թվերը, ինչը չարեց։ Եվ չարեց մի պարզ պատճառով։ Նրա համար նշյալ տարածքները փոփոխական մեծություն են:
Ճանաչելով նշված տարածքները՝ Ալիևը ստիպված կլիներ նախևառաջ դուրս բերել իր զինվորական ստորաբաժանումները հետպատերազմյան տարիներին բռնազավթված Հայաստանի առնվազն 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքից։ Նա ակնհայտորեն մտադիր չէ դա անել։ Ճանաչելով Հայաստանի տարածքը 29 800 կմ-ի սահմաններում՝ Ալիևը պետք է հրաժարվեր «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից և Հայաստանի տարածքի նկատմամբ այլ նկրտումներից։ Նա չի պատրաստվում դա անել։ Ավելին, Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ալիևյան հայտարարությանը զուգահեռ՝ ադրբեջանական զորամիավորումները գրոհում են հայկական տարածքը։ Այսպես, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը գնդակոծել է Սոթք գյուղի մոտակա հայկական դիրքերը։ Ահա այսպես է Բաքուն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը գործնականում…
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, հասնելով Արցախում իր նկրտումների բավարարմանը, առաջ է շարժվում Հայաստանը բռնազավթելու իր ծրագրերում։ Այո, Ալիևն ասաց, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց թե ինչ մակերեսով՝ չնշեց։ Սա նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը նրա համար կրճատման ձգտող փոփոխական մեծություն է։ Ոչ, սա բնավ «կադաստրի վկայական» չէ: Թերևս սա լոկ պարգև է Փաշինյանին՝ «անսպասելիորեն դրսևորած քաղաքական կոմպետենտության» համար։