ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմական ուժերի ներկայության վերաբերյալ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, հաղորդում է Polska Agencja Prasowa-ն:
«Հռչակագիրը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն և Լեհաստանը կապված են ոչ միայն ռազմավարական գործընկերությամբ, այլ նաև խորը ընդհանուր արժեքներով, նպատակներով և ամուր բարեկամությամբ»,- Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը:
Հռչակագրի ստորագրումից հետո նախագահները հետևել են F-35 կործանիչների թռիչքին: Լեհաստանը մտադիր է նման 30 կործանիչ գնել:
Հռչակագրում ասվում է, որ Լեհաստանն ու ԱՄՆ-ը հաստատում են իրենց պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջև: Փաստաթղթի համաձայն՝ «Լեհաստանն ու ԱՄՆ-ը համոզված են, որ Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը նպաստում է Լեհաստանի, ԱՄՆ-ի և Դաշինքի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ջանքերին, և այդ պատճառով ԱՄՆ-ը մտադիր է Լեհաստանում մեծացնել իր ռազմական ներկայությունը»: Բացի այդ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում 1000 ամերիկացի զինծառայող ուղակել Լեհաստան:
Հռչակագրի համաձայն՝ Լեհաստանը մտադիր է համատեղ համաձայնեցված ենթակառուցվածք տրամադրել, որը նախատեսված է լեհ-ամերիկյան նախագծերի հավելյալ փաթեթի համար:
Այդ նախագծերի թվում են Լեհաստանում ԱՄՆ առաջնային դիվիզիայի հրամանատարության ստեղծումը, ինչպես նաև Դրավսկո-Պոմորսկում ԱՄՆ-ի և Լեհաստանի զինված ուժերի կողմից Մարտական պատրաստվածության կենտրոնի օգտագործումը:
Հռչակագրում ասվում է նաև Լեհաստանում ԱՄՆ ՌՕՈւ անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիայի ստեղծման ծրագրերի մասին, որոնք նախատեսված են հետախուզական օպերացիաների համար:
Ծրագրվում է նաև ավիաբազաներ հիմնել ճգնաժամի դեպքում զորքերի տեղաշարժի և զորավարժությունների անցկացման համար, տեղեկացնում է News.am-ը:
