Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ Կոչուբաևը ձերբակալվել է 24 ժամով, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։
Այսօր ավելի վաղ Կոչուբաևը Facebook-ում անդրադարձել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորմանը։
«Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք, էտ ձև էլ մնացիք»,- գրել էր նա։