Логотип

ՄԻՊ-ն արձագանքել է Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու որոշմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի համար քրեական պատասխնատվության ենթարկելու տրամաբանությունը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում` արձագանքելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու որոշմանը։

Մանասյանը նշել է, որ բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում` փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն:

«Միևնույն ժամանակ ՄԻՊ–ն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ»,– ասված է հաղորդագրությունում:

Նա անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից:

«Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ»,– հավելել է Մանասյանը:

Պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Կալանքի ինստիտուտի չարաշահումն իր հերթին կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

«Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է նշված հարցի քննարկում, ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ՝ փաստաբանին տեսակցելու և վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Հարցը գտնվում է ՄԻՊ–ի անմիջական ուշադրության ներքո»,– նշված է հաղորդագրությունում:

Sputnik Արմենիա