Логотип

Քաղաքապետարանը Սարյանի պուրակում սրճարան է քանդել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 17–ին, հատուկ տեխնիկայի օգնությամբ քանդել են Սարյան պուրակում (Զորյան 1/1 հասցե) գտնվող սրճարանը։

NEWS.am–ի հետ զրույցում «Կոլորիտ» ՍՊԸ–ի տնօրեն Նարինե Վարդանյանը նշեց. «Զորյան1/1 հասցեում գտնվող սրճարանի հետ կապված մենք դատական պրոցեսներ ունեինք, հիմա էլ դատական գործընթացի մեջ ենք, բայց երեկ քաղաքապետ Ավինյանը որոշում է կայացրել ու այսօր եկել են ամբողջ գույքը քանդում են՝ ասելով, որ սա ինքնակամ շինություն է, և հողը համայնքի սեփականությունն է։

Սա իրենց կողմից վանդալիզմ է, իրենք մեզ չեն տեղեկացրել։ Երբ հարկ է լինում գումար վճարելու, կամ տարածքը աղտոտված է լինում, իրենց տեղում նամակներն ուղարկում են, իսկ այս դեպքում չեն տեղեկացրել։ Երևի ումից ինչ–որ սպասելիքներ չկա կամ ուժը ում վրա պատում է, նրանցն է քանդում։ Չի կարելի այսքան մարդկանց տեռորի ենթարկել։ Եթե քանդելու էին, թող նախապես ասեր, ես էստեղ միլիոնների գույք կորցրեցի։ Քաղաքը մաքրում է ինքնակամներից, որ նոր ինքնակամների տեղավորի էստե՞ղ»,– ասաց նա։

Տնօրենը տեղեկացրեց, որ այս սրճարանը գոյություն ունի 1996 թվականից. «Այս սրճարանը բացվել է հենց վերնիսաժի նկարիչների համար և մինչև 2018 թվականը ծառայել է նրանց։ Հետո Տարոն Մարգարյանը որոշեց, որ այն խլի ինձնից ու տա կողքի առաջինհարկի սեփականատիրոջը։ Բայց մենք դատարանով վերականգնեցինք մեր բոլոր իրավունքները։ Իսկ նոր իշխանությունները 2021–ին որոշեցին չերկարացնեն մեզ հետ պայմանագիրը, ու մինչ այժմ դատական գործընթացի մեջ ենք»,–ասաց նա։