Логотип

ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԿՁԵՐԲԱԿԱԼԵՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԵԼԵ՞Ն

«Ո՞վ է ֆինանսավորում մյուս կուսակցություններին։ Ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորվում», «Կարող է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջանա։ Կոնսպիրատիվ կառույցները ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում, թող գնան, զբաղվեն կոնսպիրացիայով»։ Վերջին քառօրյայի ամբիոնից հնչեցրած այս թեզերը Փաշինյանը պատճառաբանեց Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, որոնք առավելագույնս թափանցիկ կդարձնեն քաղաքական կազմակերպությունների ֆինանսավորման հարցերը: Այն մասին, որ ՔՊ վերնաշերտը մշտապես պատրաստ է պահում խորհրդարանական ընտրություններին իրական ընդդիմության կուսակցությունների մասնակցությունն արգելելու նախագիծը, հաղորդվել է բազմիցս, ֆինանսավորման աղբյուրները լոկ պատրվակ են: Այլապես պետք է արգելվեր ՔՊ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին՝ 2023 թվականի մայրաքաղաքի ընտրություններում կուսակցության ֆինանսավորման հետ կապված վիթխարի սկանդալից հետո։

1991 ԹՎԱԿԱՆԻՑ Ի ՎԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԵԼ Է ԻՆՉ ԱՍԵՍ. սկսած նախընտրական քարոզչության ծախսերի գերազանցումից, երբ նախընտրական հիմնադրամում նշված գումարը կազմել է այս կամ այն քաղաքական ուժի իրական ծախսերի լոկ մի մասը, մինչև սոցիալական աջակցության նախընտրական բաժանում և այլ խախտումներ, բայց Փաշինյանի կուսակցությունը գերազանցեց բոլորին։ Այդ որտե՞ղ է տեսնված, որ կուսակցության հիմնադրամին կամավոր նվիրատվությունները կատարվեն կեղծ նվիրատուների միջոցով։ Այդպիսին էր, հիշեցնեմ, ՔՊ-ի նոու-հաուն 2023 թվականի սեպտեմբերին մայրաքաղաքի ավագանու ընտրություններում։

Այն բանից հետո, երբ ճայթեց սկանդալը Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քարոզարշավի ֆինանսավորման շուրջ, Փաշինյանի թիմակիցները սկսեցին ստել ամեն անկյունում, թե իբր՝ խախտումը բացահայտվել է հենց կուսակցության կողմից։ Իրականում խախտումը բացահայտել էր կազմակերպությունը, որը զբաղվում է ամեն տեսակի հանցագործությունների լրագրողական հետաքննությամբ։ Ավագանու ընտրություններից հետո բացահայտումները շոշափեցին մի շարք անձանց, որոնք զարմանքով իմացան, որ միլիոնների (դրամով) գումար են նվիրաբերել Տիգրան Ավինյանի նախընտրական հիմնադրամին:

Լրագրողական հետաքննությամբ պարզվեց, որ ՔՊ անդամները, ներկայացնելով շարքային քաղաքացիների անձնագրեր, գումարներ են փոխանցել ՔՊ հիմնադրամին: Իրենք՝ քաղաքացիներն ընդ որում բացարձակ անտեղյակ էին այդ մասին։ Կեղծիքի բացահայտումից հետո Փաշինյանի կուսակցությունն այդպես էլ չհայտնեց հանրությանը, թե կոնկրետ ում փողերն են մտել ՔՊ նախընտրական հիմնադրամ, կոնկրետ ովքեր են թաքնվել շարքային քաղաքացիների անձնագրերերի հետևում։

Համաձայնեք, ՔՊ-ն նախ պետք է պատասխաներ այս հարցերին, փոխարենը կուսակցության առաջնորդը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարում է, թե ֆինանսավորման հարցը կարող է հանգեցնել խորհրդարանական մրցավազքին այս կամ այն կուսակցության մասնակցության արգելանքի։ Չգիտեմ, խթան կդառնա՞ արդյոք այս հայտարարությունը Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի մշակման համար, բայց ֆինանսավորման հարցը բավական սուր է կանգնած վերջին շրջանում՝ ՔՊ-ի ճամբարից ընդդիմության արտաքին ֆինանսավորման թեմայով հաճախակիացած հարձակումների խորապատկերին։

Ռեժիմի քարոզչամեքենան այդպես էլ չկարողացավ ապացուցել շրջանառության մեջ դրված այն թեզը, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ֆինանսավորվել է ՌԴ-ից։ Ստիպված էինք բավարարվել ահաբեկչության վարկածով, հենվելով խոսակցությունների մոնտաժված ձայնագրության, արքեպիսկոպոսի տան խուզարկության արդյունքում բռնագրավված շվաբրերի, լվացող միջոցների և այլնի տեսքով «իրեղեն ապացույցների» վրա։

Փաշինյանական արդարադատությունը չկարողացավ ապացուցել նաև ՌԴ ռազմաբազաներից մեկում «Սև հովազ» հասարակական կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողության նախապատրաստման վարկածը։

Ակնհայտ է, որ 2018 թվականից ի վեր ՔՊ-ի նախընտրական միջոցառումների ֆինանսավորման գլխավոր աղբյուրները նրանք են, ում ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անվանում էր օլիգարխներ: Խոսքն անխորտակելի Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ»), նույնքան անխորտակելի ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի («Գռզո») մասին է, իսկ բոլորովին վերջերս հայտնի գործարար Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագնը, ստացավ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը…

ՕԼԻԳԱՐԽ ԱՐՍԵՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ մի քանի տարի շարունակ գրել են, որ նա իր հետ ման է տալիս իշխող վերնաշերտի գանձարանը։ Ոչինչ չի փոխվել։ Աննա Հակոբյանի հիմնադրամները պարբերաբար համալրողների մասին շատ է խոսվել, ուստի կրկնելն անիմաստ է։ Փաշինյանը փող ունի, բայց դրանից զուրկ չէ նաև ռեժիմի գլխավոր գլխացավանքը՝ ի դեմս «Մեր ձևով» նախաձեռնության, որը հունվարին կվերափոխվի կուսակցության։ Դրա գաղափարական առաջնորդը Սամվել Կարապետյանն է, որին ոչ ոք չի կարող կշտամբել նրանում, թե իբր՝ ուզում է զավթել իշխանությունը ժողովրդից գողացած փողերով։ Կարապետյանն իր միլիարդները վաստակել է Ռուսաստանում, իսկ Հայաստանում և Արցախում «Տաշիր գրուպի» ղեկավարը միայն ներդրել է…

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առավելագույն թափանցիկություն պարտավոր է իր օրինակով ցույց տալ ՔՊ-ն։ Սկզբի համար պետք է նշի բոլոր նրանց անունները, ովքեր նվիրատվություններ են ուղարկել կուսակցության նախընտրական հիմնադրամ, առանց հղում անելու անհայտ մնալու նրանց ցանկությանը: Թեպետ, առանց նշելու էլ հայտնի են «Նիկոլի սրտի» հին ու նոր օլիգարխների անունները, որոնք ֆինանսավորելու են ՔՊ-ի քարոզարշավը։ Նոր օլիգարխների թվում պետք է հիշատակել Նարեկ Նալբանդյանի անունը…

«Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախաձեռնությունը գլխավորում է միլիարդատեր Գագիկ Ծառուկյանը: Առաջիններից մեկը նախաձեռնությանը սատարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը, որը նախկին իշխանության օրոք ընկերություն էր անում օլիգարխ Ալեքսանյանի հետ, իսկ մինչ այդ աշխատում էր նախկին վարչապետ Արամ Զավենովիչի մամլո խոսնակ՝ նրա «Հանրապետություն» կուսակցությունում։ Ծառուկյանի միլիարդներից մի կտոր պոկել ցանկացողներ էլի կգտնվեն։ Նրանք բոլորը կդառնան նրա «առաջարկի» «անկեղծ» կողմնակիցներ…

«Հայաստան» դաշինքի հետևում կանգնած է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի կարողությունը հանգիստ չի տալիս ՔՊ վերնաշերտին։ Այս էլիտան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի և ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի գլխաված «Միասնության թևեր» նախաձեռնության ֆինանսավորման նկատմամբ։ Արդեն հայտնի է, որ նախաձեռնությունը փոխարկվում է կուսակցության, ընդ որում ռեժիմի քարոզչամեքենան ակտիվորեն լուրեր է տարածում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի հետ Թաթոյանի բանակցությունների մասին, աներկբա ակնարկելով, թե նոր կուսակցությունն ընտրությունների է գնալու Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ ։ ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունների առկայությունը ոչ վաղ անցյալում հերքեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, իսկ այ Թաթոյանի կուսակցության հետ ՀԱԿ-ի բանակցությունները, ըստ մեզ հասած տեղեկությունների, վերահսկում է 2008-ին հայտնի ՀԱԿ անդամի դուստրը, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի անվանակիցը։

Այդ Կարապետյանը 2008-ին է Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր 22-21 ընտրատեղամասում։ Ընտրություններից հետո նա 3 տարվա ազատազրկման դատապարտվեց Տեր-Պետրոսյանի օգտին խախտումների համար։ Նրա դուստրը՝ Աննա Կարապետյանը, որը մի շարք պարբերականների վկայությամբ՝ վերահսկում է Թաթոյանի կուսակցության բանակցությունները ՀԱԿ-ի հետ, ՀՀԿ-ի կառավարման տարիներին 3 տարի եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը։ 2018թ. նա չվել է Փաշինյանի ճամբար և դարձել Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը: Վերջինիս օժանդակությամբ ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում դարձել համանուն խմբակցության պատգամավոր:

2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՔՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՉԸՆԴԳՐԿԵՑԻՆ, ուստի նա մեկնեց ԱՄՆ, իսկ վերջերս հանկարծ հայտնվեց՝ որպես Թաթոյանի մերձավոր շրջապատի անձ ։ Աննան արդեն հայտնել է լրատվամիջոցներին, որ բարեկամական հարաբերություններում է Թաթոյանի հետ, իսկ «Միասնության թևերի» մասին արդեն ասում են, որ նախաձեռնությունը վերածվում է ոչ միայն կուսակցության, այլև նախընտրական դաշինքի: Ո՞ր ուժերն են կանգնած լինելու այդ դաշինքի հետևում: Ո՞վ է ֆինանսավորելու նրա նախընտրական քարոզարշավը Այս և այլ հարցերը վերջնականապես կպարզվեն միջկուսակցական բանակցությունների վերջում: Դե, իսկ Թաթոյանի թիմում նախկին ՔՊ-ական պատգամավորի առկայությունը, համաձայնեք, բնավ լավագույն գովազդը չէ քաղաքական նոր ուժի համար…

Նախքան Աննայի անկեղծացումները ընդունված էր մտածել,թե «Միասնության թևերի» կորիզը ՄԻՊ Թաթոյանի գրասենյակի նախկին կոլեկտիվն է, մինչդեռ պարզվեց, որ ՔՊ-ն այստեղ էլ իր մարդն ունի: Օրերս ռեժիմի խոսափող Գնել Սարգսյանը հերթական «Ազատ շփման» ժամանակ պատմեց հեռուստադիտողներին, թե Թաթոյանին գործող քաղաքականության կուլիսներում անվանում են ոչ այլ կերպ, քան «Սերժի Արման»: Միանգամից ասեմ, որ ՀՀԿ-ն որևէ մեկի հետ չի բանակցում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, քանի որ տվյալ պահին կուսակցությունը զբաղված է Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությամբ, իսկ ընտրությունների թեման թողել է հետագային, ինչը օրերս հաստատեց Էդուարդ Շարմազանովը։

Ֆինանսավորման հետ կապված հարցին Թաթոյանը պատասխանեց անորոշ, ասաց. «Իմ գործունեությունը միշտ էլ ֆինանսավորվել է մեր հայրենակիցների ներդրումներով։ Այդտեղ որևէ գաղտնի բան չկա։ Ֆինանսական աջակցությունը կարող են ցուցաբերել թե՛ իմ ընկերները, թե՛ մարդիկ, որոնց ես անձամբ չեմ ճանաչում։ Նույնն է նաև այս նախաձեռնության դեպքում։ Չկա որևէ մեծահարուստ, որը վերցրել է ամբողջ ֆինանսավորումն իր վրա և մեզ «թելադրում» է, թե ինչ պետք է անենք»։ Հիշեցնեմ, որ որպես ընտրարշավի մասնակից գրանցվելու համար կուսակցությունների նախընտրական գրավը կազմում է 10 մլն դրամ։ Եթե կուսակցությունը չանցնի խորհրդարան, գումարը չի վերադարձվում։ Է՛լ ավելի մեծ գումարներ կպահանջվեն նախընտրական շտաբների վարձակալության, նախընտրական ծրագրերի և ընտրական բուկլետների տպագրության ծառայությունների, մայրաքաղաքում և մարզերում նախընտրական միջոցառումների անցկացման տարածքների վարձակալության համար:

Ընտրությունները շատ թանկ հաճույք են, իսկ առանց լայնածավալ ընտրարշավի Թաթոյան-Անանյան կուսակցությունը դժվար թե կարողանա հաղթահարել անցողիկ շեմը, քանզի այն դեռ քչերին է հայտնի: Այդ տեսանկյունից ընկերների և անծանոթ անձանց ֆինանսական աջակցության մասին հայտարարությունը լոկ խոսքեր են։ Իրականությունը մեծ ծախսեր է պահանջում, ուստի կուզենայինք առավել հստակություն՝ անբովանդակ պատճառաբանությունների փոխարեն, օրինակ՝ կուսակցական գանձարան մուծվող անդամավճարների մասին… Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրարշավը լինելու է մեծ ու շատ մեծ փողերի պայքար, հաղթելու են, իհարկե, ոչ թե փողերը, այլ քաղաքական գործիչները, բայց ֆինանսական գործոնի դերը ժխտելն այնքան էլ ազնիվ չէ…