Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկվել է նոր մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի, որը Թուրքմենստանով և Իրանով երկրները միացնում է իրար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլաթ Սահմետովը։
Նրա խոսքով՝ երթուղու ստեղծման գաղափարը ծնվել է ղազախա-հայկական գործարար համաժողովի ժամանակ, և մի քանի ընկերություններ հիմա արդեն հաջողությամբ օգտվում են նոր ուղղությունից:
«Չինաստանից բեռները «Խորգոս» անցակետով հասնում են Ղազախստան, այնուհետև անցնում Թուրքմենստանով և Իրանով, իսկ հետո ուղևորվում են Հայաստան», – բացատրեց Սահմետովը:
Երթուղին ունի երկու գործող ճյուղ՝ Չինաստան («Խորգոս»)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան և Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:
Երկու երթուղին էլ, ըստ Սահմետովի, արդեն փորձարկվել են և ցուցադրել բարձր արդյունավետություն։ Նոր տարբերակով բեռնափոխադրումը տևում է 9-ից 20 օր, ինչը այն դարձնում է արագ այլընտրանք գոյություն ունեցող երթուղիներին, որոնց դեպքում առաքումը կարող է տևել մինչև 45 օր:
«Մենք լոգիստիկ շրջագայություն ենք կազմակերպել բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների համար։ Նրանք անձամբգնահատել են երթուղու մասշտաբն ու ներուժը։ «Խորգոս»-ում հանդիպել ենք մաքսային, ժամանակավոր պահպանման պահեստների և միջնորդական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մենք տեսել ենք, թե ինչ ծավալի ապրանք է առաջարկում Չինաստանը, և արդեն բանակցություններ են ընթանում մատակարարումների ընդլայնման շուրջ», – նշեց Սահմետովը։
Նա ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առևտրի և գործարար շփումների զարգացման կարևորությունը: Սահմետովի խոսքով՝ նոր մուլտիմոդալ երթուղին ամրապնդում է Հայաստանի լոգիստիկ կապը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ լրացուցիչ հնարավորություններ բացելով արտահանման, տարանցման և եվրասիական տրանսպորտային տարածքին ինտեգրվելու համար:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ (առցանց ռեժիմով) հայտարարել էր, որ Երևանը կողմ է Ղազախստանից Հայաստան մուլտիմոդալ բեռնատար տրանսպորտային երթուղու ստեղծմանը: