Логотип

Ռոման Բերեզովսկին նշանակվել է Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար

Լեգենդար դարպասապահ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին ընտրվել է Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար։ Այս մասին հայտնում է «Հայաստանի ռուսական համայնք» կազմակերպության տեղեկատվական ռեսուրսը։

Ինչպես պատմել է Բերեզովսկին Sputnik Արմենիային, նա ընդունել է Հայաստանի ռուսական համայնքի խորհրդի առաջարկը՝ ղեկավարելու կազմակերպությունը, քանի որ ցանկանում է իր փորձը կիրառել հասարակական ոլորտում։

«Թիմային ոգին միշտ էլ եղել է իմ կյանքի մի մասը։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ կարևոր է ոչ միայն խաղալ խաղադաշտում, այլև գործել դրա սահմաններից դուրս՝ հասարակության համար։ Այսօր ես հավատում եմ, որ դա կարող է իրական օգուտներ բերել», – ասաց նա։

Լեգենդար դարպասապահը նոր ասպարեզում իր հիմնական առաքելությունը համարում է Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների համակողմանի ամրապնդումը, որոնք, նրա խոսքով, այսօր ձևավորվում են պատմական նոր իրողություններում:

«Ես տարիներ շարունակ ազգային հավաքականը խաղադաշտ եմ դուրս բերել ավագի թևկապով։ Ինձ համար միշտ կարևոր է եղել արդարացնել երկրպագուների վստահությունը՝ խաղալ այնպես, որ կասկած չմնա. մեզանից յուրաքանչյուրն ամբողջությամբ տրվել է խաղին։ Այսօր պատասխանատվությունը պակաս չէ», – ավելացրեց նա։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և հայրենակիցների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Երևանում, լեգենդար հայ դարպասապահ Ռոման Բերեզովսկին ռուս նախարարին նվիրել է ինքնագրով ֆուտբոլային գնդակ:

Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 1996-ի օգոստոսի 31-ին Պորտուգալիայի հետ խաղում: Ընդհանուր առմամբ, ազգային թիմի կազմում նա անցկացրել է 94 հանդիպում։