Логотип

Ղազինյան․ Պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես մեր տունը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր հատկապես մարդաշատ է։ Հայաստանի տարբեր կողմերից հարյուրավոր մարդիկ գալիս են Մայր աթոռի մոտ՝ մասնակցելու «Մեր ձևով» շարժման կազմակերպած ուխտագնացությանը՝ «Էջմիածինն անպաշտպան չէ» խորագրով։

««Մեր ձևով» շարժումը պաշտպանելու է մեր եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ ու ավելի սրտացավորեն։ Դա վստահ եմ ասում, ու դա միայն «Մեր ձևով» շարժմանը չի վերաբերում, հավատացեք՝ 100 հազարավոր հավատացյալներ կան, որոնք հասկանում են՝ ինչ է նշանակում եկեղեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց շարժման անդամ, ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Վստահ է՝ եկեղեցու դեմ արշավը հաջողություն չի ունենալու, այլ հակառակը՝ իշխանությունների կործանմանն է բերելու։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ևս եկավ Մայր աթոռ` մասնակցելու իրենց նախաձեռնած «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությանը։ Հավաքին մասնակցում են նաև Սամվել Կարապետյանի դուստրը, որդին ընտանիքի անդամներ։

«Աղոթելու ենք վերջնական համերաշխության համար»,–երեկոյան ժամերգությանը մասնակցելուց առաջ լրագրողներին ասաց Նարեկ Կարապետյանը։

«Մեր ձևով» շարժման՝ ի պաշտպանություն եկեղեցու նախաձեռնած ուխտագնացությանը մասնակցում են ոչ միայն շարժման անդամները, այլև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային անվտանգության շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։

ԱԱԾ–ի շենքի մոտ Սամվել Կարապետյանի եղբորորդին` շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հայտարարեց դեպի Էջմիածին ուխտագնացության մասին՝ ցույց տալով, որ հայ ազգն այսօր էլ պաշտպանելու է Էջմիածինը այնպես, ինչպես Սարդարապատի ժամանակ և միշտ է դա արել։

Sputnik Արմենիա