2025 թվականի հոկտեմբերի 19-ի կիրակի առավոտյան Փարիզի Լուվրի թանգարանում տեղի է ունեցել հանդուգն կողոպուտ. չարագործների խումբը ներթափանցել է «Ապոլոնի պատկերասրահի» դահլիճ և գողացել «անգնահատելի արժեք» ունեցող ոսկերչական իրեր՝ Ֆրանսիայի թագավորության զարդերի հավաքածուից, գրում է Reuters-ը։
Հանցագործները գործել են արագ՝ ներթափանցել են պատուհանից՝ օգտագործելով շինարարական ամբարձիչ և անկյունային սղոց, ընդամենը յոթ րոպեի ընթացքում դուրս են բերել զարդերը և անհետացել սկուտերներով, հայտնում է The Guardian-ը։
ԶԼՄ-ների տվյալներով, ցուցափեղկերից գողացվել է ինը իր, որոնց թվում են մանյակ, կրծքազարդ և թագ, որոնք ենթադրաբար պատկանել են Նապոլեոն III-ին և նրա կնոջը՝ կայսրուհի Եվգենիային, հայտնում է New York Post-ը։
Իրերից մեկը՝ կայսրուհու թագը, ավելի ուշ հայտնաբերվել է վնասված՝ թանգարանի մոտ գտնվող փողոցում, գրում է Omni-ն։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը գողությունը բնութագրել է որպես «խոշոր կողոպուտ»՝ ընդգծելով, որ գողացված իրերն ունեն ոչ միայն շուկայական արժեք, այլև հսկայական պատմամշակութային նշանակություն։
Միջադեպի կապակցությամբ թանգարանը տարհանվել է և փակվել ամբողջ օրով՝ «բացառիկ պատճառներով»։ Այցելուներն ու աշխատակիցները չեն տուժել։
Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում՝ դիտարկելով պրոֆեսիոնալների մասնակցությամբ խմբակային և լավ նախապատրաստված հանցագործության վարկածը։
News.am