Логотип

Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի․ Վարդևանյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Գյումրիում վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձություններին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայինները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել քաղաքապետարանի մոտ։

«Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Եթե որևէ մեկը գիտի եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել»,- գրել է Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե «արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Օրեր անց Վարդան Ղուկասյանն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով։ Նշել էր, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։

Նա ընդգծել էր` նախկին իշխանությունների օրոք էլ է պաշտոնավարել, բայց Փաշինյանի վարքագիծը որևէ մեկը չի ունեցել։