Логотип

Բազմամարդ հանրահավաքը և իշխանության քարոզիչների խուճապը

«Փաստ»-ը գրում է. «Հոկտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած «Մեր ձևով» շարժման հանրահավաքի մասշտաբները լուրջ անհանգստություն են առաջացրել իշխանական բուրգում։ Տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությունը հրապարակում ոչ միայն քաղաքական իրադարձություն էր, այլև բաց ու անբեկանելի ազդակ՝ հասարակության մեջ կուտակված պահանջի, վստահության և համախմբվածության մասին։ Եվ հենց այս փաստն էլ խուճապային ռեակցիա է առաջացրել իշխանական քարոզչամեքենայի մոտ, որը հրապարակից անմիջապես հետո լծվեց հանրահավաքի դեգրադացման և արժեզրկման փորձերին։

Արձանագրված է դասական ստանդարտ ձեռագիր․ երբ պետական կառավարման ճգնաժամի պայմաններում իշխանությունը չունի հասարակության հետ պրագմատիկ խոսելու ունակություն, այն անցնում է հանրային մասնակցության արժեզրկմանն ու մարդկանց վարկաբեկմանն ուղղված քարոզչության։ Հանրահավաքի հաջորդ իսկ օրը պետական ռեսուրսներով սնվող քարոզչական հարթակները սկսեցին շրջանառել այն թեզը, թե իբր հազարավոր մարդիկ հրապարակ էին եկել «գումարի դիմաց»։ Սա ամենապրիմիտիվ և առավել հաճախ կիրառվող մանիպուլյացիան է՝ ուղղված ոչ թե շարժմանը, այլ հենց հասարակությանը՝ կիրառելով արդեն վաղուց մաշված և ամոթալի հնարքներ։

Քարոզչական այս թեզի նպատակը պարզ է․ հասարակության մեջ ստեղծել մի արատավոր կասկած, թե բազմահազարանոց մասնակցությունը եղել է ոչ թե կամքի դրսևորում, այլ՝ «վարձով հավաքված ամբոխի» արդյունք։ Այս կերպ փորձ է արվում ոչ միայն սևացնել տեղի ունեցածը, այլ նաև կանխել հետագա համախմբումը՝ մարդկանց ներսում առաջացնելով երկմտանք ու անվստահություն շարժման ապագայի նկատմամբ։ Դա հոգեբանական հակագրոհ է՝ ուղղված աճող շարժման սոցիալական հիմքերի խաթարմանը։

Սակայն ճշմարտությունն ունի մեկ առանձնահատկություն․ այն չի պարտվում զանգվածայնության դեպքում։ Երբ հրապարակում կանգնած են տասնյակ հազարավոր քաղաքացիներ տարբեր սոցիալական խմբերից, տարբեր շրջաններից, տարբեր համոզմունքներից, այդ մարդկանց շարժառիթները չեն կարող ամփոփվել մեկ կեղծ մեղադրանքի մեջ։ Իշխանության այս նեղ ձեռագիրը փաստում է. այս ուժը, սպառնում է ձևավորված իշխանական մենաշնորհին։

Այն, որ պետական քարոզչությունն անցել է ծաղրանքի, նսեմացման ու հոգեբանական ճնշումների մեթոդների, ցույց է տալիս՝ գործի է անցել իշխանության պաշտպանական ռեֆլեքսը։ Երբ իշխանությունը փորձում է պիտակավորել շարժումը, ծաղրել մասնակիցներին, ներկայացնել նրանց որպես «մոլորված», «վարձկան» կամ «խաբված» հասարակություն, իրականում այդ նույն իշխանությունը խոստովանում է մեկ բան․ իրեն վախեցնում է ոչ թե շարժման հռետորաբանությունը, այլ՝ դրա գնալով աճող զանգվածայնությունը։

Հարց է առաջանում՝ եթե «Մեր ձևով» շարժումը, ըստ իշխանական քարոզչության, ոչ մի լուրջ նշանակություն չունի, ապա ինչու է այն արժանանում նման կենտրոնացված հակաքարոզչության՝ պետական ամբողջ մեդիացանցով։ Պատասխանը պարզ է․ քաղաքական ռիսկի գնահատման մեջ իշխանությունն արդեն իսկ գրանցել է այս շարժումը որպես իր համար վտանգավոր այլընտրանք։

Այս ամենը կրկին բացահայտում է գործող իշխանության ծանոթ ձեռագիրը․ ոչ թե փաստարկված հակազդեցություն՝ գաղափարների տիրույթում, այլ՝ քարոզչական թիրախավորում՝ ամենապարզունակ մեթոդներով։ Սա պետական քարոզչության ամենավատ դրսևորումներից է, երբ գաղափարական հակադրության փոխարեն գործի է դրվում հասարակության արժեզրկման մեխանիզմը։

Ի վերջո, որքան էլ փորձեն արժեզրկել բազմահազարանոց մասնակցությունը, իրականությունն արդեն արձանագրված է։ Հոկտեմբերի 18-ն այլևս չի կարող վերածվել «փողոցում հավաքվածների» մասին արհեստական պատմության։ Այն դարձել է հանրային կամքի բացահայտ դրսևորում, որը չի փոքրանում քարոզչական գրոհներից։

Երբ շարժման դեմ միավորվում է իշխանական քարոզչամեքենան, դա մեկ բան է նշանակում՝ շարժումը մտել է քաղաքական արագ աճի ուղի։ Իսկ այնտեղ, որտեղ կա աճող հանրային վստահություն, իշխանությունը չի կռվում փաստերով, այլ սկսում է կռվել ստերով։

Եվ հենց դա է ամենախոստումնալից ազդակը «Մեր ձևով» շարժման համար»։

News.am