Логотип

Վարդան Ղուկասյանը դիմել է գյումրեցիներին

Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Պետությունըչպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։

Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալու և տալու մեղադրանքներով։