Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ առանձասենյակից և դիմեց քաղաքապետարանում հավաքվածներին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
«Մենք կգնանք, խնդիր չունենք, օրենքի տառը կպաշտպանենք։ Ես ձեզ ասում եմ՝ ինձ լսեք, ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք, թող նայեն, ինչ որ է, ոնց որ պետք է։ Դրանից հետո ամեն ինչ կերևա»,- ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Sputnik Արմենիա