Логотип

Աղեկյան․ Իրավապահները տուգանային պահման վայր են տարել Գյումրու համայնքապետարանի տեխնիկան

Իրավապահները տարել են Գյումրու համայնքապետարանի ամբողջ տեխնիկան`ջրցանները, աղբատարները, տրակտորը։ Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։

Աղեկյանի խոսքով` ամբողջ տեխնիկան վարորդների հետ մեկտեղ տարվել է Ախուրյանի տուգանային պահման վայր։

«Սա նշանակում է պարալիզացնել քաղաքը։ Սա բռնաճնշում է բաց երկնքի տակ` հալածանք, հաշվեհարդար… Էլ ո՞նց է լինում 37 թիվը, էլ ո՞նց է լինում ագրեսիան` անցանկալի քաղաքի ու քաղաքապետի նկատմամբ»,– հայտարարել է Աղեկյանը ֆեյսբուքյան եթերում։

Նրա խոսքով` Գյումրու քաղաքապետարանը հոսանքազրկված է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։

Sputnik Արմենիա