Логотип

«Բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին». «Մեր ձևովը» սատարում է Վարդան Ղուկասյանին

«Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժումն իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այս մասին հայտարարություն է տարածել շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։

«Մեր ձևով» շարժման հայտարարության մեջ նշվում է, որ Ղուկասյանի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրականացվում։

«Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին»,- ասված է հայտարարությունում:

Ընդգծվում է՝ եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։

Sputnik Արմենիա