Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնեց նրա փաստաբանը:
Նշենք, որ քիչ առաջ դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ տարան քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ուժայինները նաև կոտրեցին ապակիները։ Երբ Վարդան Ղուկասյանին վազելով տանում էին դեպի ավտոմեքենան, նա ժպտում էր։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում էր։
Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել էին և դռան մոտ զինված ոստիկաններ էին կանգնած։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջև։
News.am