Գյումրու համայնքապետարանի մոտ իրավապահների և քաղաքացիների միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով 23 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Ձերբակալվածները տարվել են համայնքային ոստիկանություն»,– հավելեցին գերատեսչությունում։
Հիշեցնենք` ուժայիններն առավոտյան ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները սկսեցին բերման ենթարկել հավաքվածներին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։