Логотип

«Հայաստան» խմբակցությունն ու ՀԿԿ-ն դատապարտել են Գյումրու իրադարձությունները

Գործող իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը, այդ մասին է վկայում այսօր Գյումրի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, այս մասին ասվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

Հաղորդագրությունում նշվում է, որ Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։

«Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրության մասին։ Այսօր այդ մտադրությունը վերածվեց բռնի գործողության»,– ասված է հաղորդագրությունում։

Նրանք հիշեցրել են, որ ՔՊ-ական իշխանությունները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանավորել էին նաև Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ընտրված ղեկավարներին։

Ըստ խմբակցության` Վաղարշապատ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին․ իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն։

«Հայաստան» խմբակցությունը կոչ է արել Գյումրու ավագանու անդամներին՝ համախմբվել և թույլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազավթումը։

Գյումրիում այսօր տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։

«Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ»,– նշվում է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա