Логотип

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ, կալանավորվեց 2 ամսով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

«24 ժամ է անցել այս «ամբողջ արարողությունից», ես փորձեցի անգամ վերնազգեստ փոխանցել, որ հագուստ ունենա (մարդն իր աշխատանքային հագուստով՝ կոստյումով և այլն, ձերբակալվել է), բայց չկարողացա․ այս ամենը վատ վերաբերմունքի դրսևորում է։ Ակնհայտ վատ, անմարդկային վերաբերմունք է դրսևորվել։ Երեկվանից՝ ժամը 10-ից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, իսկ ինքը նաև ունի շաքարային դիաբետ»,- ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Վարդան Ղուկասյանը նաև իր հիգիենայի մասին հոգ տանելու հնարավորությունից է զրկված եղել. չի կարողացել ո՛չ փոխել հագուստը, ո՛չ լվացվել։

Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա ընդամենը մի քաղվածք են տրամադրել, իսկ որոշումը խոստացել են վաղը տրամադրել, որ պաշտպանները կարողանան բողոքարկել որոշումը։

«Գործ ունենք ակնհայտ պատվիրված, շինծու քրեական գործի հետ։ Այն նպատակ ունի զրկել Գյումրին կառավարվելու հնարավորությունից և քաոս ստեղծելու Գյումրիում, այդ թվում՝ այնպիսի քաուս, որ մարդիկ իրենց բարկությունն ավելի ընդգծված արտահայտեն»,- ասաց Փոստանջյանը։

Sputnik Արմենիա