Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությանը։ 48 դեմ, 24 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ արդեն իսկ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին կայացան «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից նախաձեռնված խորհրդարանական լսումները։ Հայտարարության նախագծում նշված էր, որ «այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով ՀՀ–ի համար, վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան»։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 10–ին նախագծին տվեց բացասական եզրակացություն։
Նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ասելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է օր առաջ հեռացնել իշխանությունից, իսկ դրա միակ գործիքը իմպիչմենտն է։
«Իմպիչմենտն հիմնական ուժը, հաջողության հասնելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր, հոկտեմբերի 8-ին՝ փաստացի ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն»,- ասաց նա։
Նշենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարությունը ներկայացնելիս Մամիջանյանը հայտարարել էր, որ «սա իմպիչմենտի գործընթացը չէ, այլ հայտարարություն է, որտեղ արձանագրված են ներքաղաքական անվտանգային խնդիրները։ Իսկ իմպիչմենտի գործընթացը, ըստ նրա, իր հունով գնում է»։
«Քննարկումներ եմ ունեցել Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հետ, և նրանք ասել են, որ չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Սակայն ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ ինքն ու գործընկեր Հակոբ Ասլանյանը կքվեարկեն ձեռնպահ։ Իսկ կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ դեմ են քվեարկելու «մեռելածին նախագծին»։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վերահաստատեց իրենց աջակցությունն այս նախագծին։ Կառավարող ուժի պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացրել էր հայտարարության նախագիծը, որի հիմքում լսումներ անցկացնելն էր։
«Փաստաթուղթը ներառում էր քաղաքական իրարամերժ դատողություններ, որոնք կապակցված էին, իրենց կարծիքով, երկրում առկա քաղաքական խնդիրներին և զուգակցվում էին կառավարության անվստահություն հայտնելու գործընթացի հետ։ Կառավարության անվստահություն հայտնելու գործընթացը կարգավորվում է ոչ թե հայտարարության, այլ համապատասխան դիմումների առկայությամբ»,- մանրամասնեց Վարդանյանը։
Միևնույն ժամանակ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ անգամ համապատասխան դիմումների առկայությունը բավարար չէ կառավարությանն անվստահություն հայտնելու համար։
Sputnik Արմենիա