Логотип

Վարդան Ղուկասյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը

Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասացնելու մասին որոշումներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն պնդումներին, թե Գյումրի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ են և չեն առնչվում նրա անձին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն հարկ է համարում պարզաբանել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին՝ տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։

Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 20–ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջև։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով անխաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 33 անձ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը: