Логотип

Նախարար․ Պաշտոնապես դիմել ենք, որ բեռնատարների վարորդները ՌԴ-ում մնան ոչ թե 90, այլ 180 օր

ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը` առաջարկելով, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը հայ բեռնատարների համար փոխարինվի 180 օրով։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով բեռնատարների վարորդների ակցիային։

Նշենք, որ հայաստանցի վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում այս սահմանափակումների դեմ` նշելով, որ 90 օրը քիչ է, քանի որ շատ ժամանակ ուղղակի ստիպված են լինում օրերով կանգնել Լարսում առաջացող հերթերի մեջ։ Երեկ երեկոյան էլ նրանք որպես բողոքի նշան փակել էին հայ-վրացական սահման տանող ճանապարհները Բավրայում, Բագրատաշենում և Գոգավանում։

«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ մեր գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ։ Իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»,- շարունակեց Գևորգ Պապոյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ են դիմել ՌԴ գործընկերներին, ինչո՞ւ են թողել, որ խնդիրը սրվի, Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ աշխատանքները սկսել են հենց այն օրը, երբ ՌԴ կառավարության որոշումն ուժի մեջ է մտել։

«Միանգամից ուղարկել ենք առաջին նամակը, այնուհետև տեղի են ունեցել ուղիղ բանակցություններ, հետո ստացել ենք արձագանք, որ հասկանում են խնդիրը և փորձում են լուծել։ Հիմա ունենք տեղեկություն, որ արդեն գործընթացը սկսվել է։ Ավելին ասեմ՝ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստի օրակարգում»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ նիստից հետո կլինեն ժամկետների հետ կապված հստակեցումներ։

Հիշեցնենք` հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։

Sputnik Արմենիա