Логотип

Փաստաբան․ Գյումրու համայնքապետարանի մոտ ձերբակալվածների թվում անչափահասներ էլ կան

Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում նաև անչափահասներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Հարությունյանը։

«Իմ վստահորդների մեջ մեկն անչափահաս է, բայց ինքը ձերբակալվածների շարքում միակ անչափահասը չէ»,- ասաց Հարությունյանը։

Նա նաև հայտնեց, որ ձերբակալվածներին տարբեր վայրեր են տարել, քանի որ Գյումրու ձերբակալվածների պահման վայրում ընդամենը 6 տեղ կա։

«Իմ վստահորդներից մեկին, օրինակ, Արմավիր են տարել, քիչ առաջ մեկին Ալավերդի տարան»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ձերբակալվածներին տեղափոխել են Շիրակի և Լոռու տարբեր քաղաքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 33 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նրանք ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։