Գյումրից ձերբակալված 33 քաղաքացիներից մի մասին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 327–րդ և 486–րդ հոդվածների հատկանիշներով՝ այն է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը և զանգվածային անկարգությունների մասնակցելը։ Մյուսներին առաջիկա ժամերի ընթացքում մեղադրանք կառաջադրվի նույն հոդվածներով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ձերբակալվածներից 4-ի պաշտպանությունը ստանձնած փաստանան Հայկ Հարությունյանը։
Փաստաբանը նշեց, որ արդեն մեղադրանք է առաջադրվել նաև անչափահաս տղային, որը նույնպես ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանի մոտից։
«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերի ընթացքում նրանց բոլորին կալանավորելու միջնորդություններ կներկայացնի քննիչը»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել էին Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ էին հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էինբերվել, որոնց թիվը գնալով շատանում էր։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ 33 քաղաքացու էր բերման ենթարկել քաղաքապետարանի բակից։