Логотип

Վանեցյան․ Նոյեմբերի 16-ին փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը

«Շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը Վաղարշապատի ավագանու ընտրություններում։ Իմ նպատակը վերջին հինգ-վեց տարում մեկն է՝ ազատվել այս իշխանութուններից, իշխանազրկել ՔՊ-ին»,-նախընտրական քարոզարշավի մեկնարկին Վաղարշապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ա. Վանեցյանի համոզմամբ, նոյեմբերի 16-ին իրենք փաստելու են, որ ՔՊ-ն Վաղարշապատում չկարողացավ վերցնել իշխանություն։

«Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ առավելագույն ձայներ ստանանք։ Ես վստահ եմ մեր թիմի, մեր աշխատանքի վրա, մենք խնդրելու ենք այդ ձայները Վաղարշապատի բնակիչներից, և կարծում եմ, կստանանք»,-ասաց կուսակցության նախագահը։

Նրա խոսքով, Վաղարշապատի ավագանու ընտրությունները պետք է դիտարկել մի քիչ ավելի լայն կտրվածքով՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներ են իրականացվում։

«Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքն է։ Մենք այդ տեսանկյունից նաև պետք է դիտարկենք ընտրությունները։ Վաղարշապատցին պետք է իր հստակ խոսքն ասի։ Այն իշխանությունը, որ սկսել է գործել Հայ առաքելական եկեղեցու դեմ, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Լրագրողները նշեցին, որ ըստ տեղեկությունների, իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, ինչպե՞ս է պայքարելու դրա դեմ «Հայրենիք»-ի թիմը։

«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք ժպիտներով, մեր խոսքով, մեր գործով։ Ինչքան էլ իրենք վարչական ռեսուրս փորձեն կիրառել, ես վստահ եմ, որևէ արդյունքի չեն հասնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վաղարշապատում, ես կասեի ողջ հանրապետության տարածքում այլևս այնքան ցածր վարկանիշ ունի և ընտրողների կողմից աջակցություն, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նարնց չի հաջողվի հաղթանակի հասնել»,-ասաց Ա. Վանեցյանը։

Նա չբացառեց, որ Վաղարշապատում էլ հնարավոր են հետապնդումներ իրավապահների կողմից, ձերբակալություններ։

«Բայց մենք վախենալու բան չունենք, որևէ ապօրինի բան չենք արել, և գնում ենք դեպի հաղթանակ»,-ասաց կուսակցության նախագահը։Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է գրող, հրապարակող Խաչիկ Մանուկյանի է թեկնածությունը։ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։ Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է մոտ երկու տասնյակ ԶԼՄ։ Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է մեկ տեղական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»։

Քարոզարշավի մեկնարկի միջոցառման ընթացքում հնչած ելույթներին կարող եք ծանոթանալ ուղիղ եթերով։

Panorama.am