Логотип

Դինամիկա կա. ԵՏՀ ներկայացուցիչը՝ ՌԴ-ում բեռնատարների հայաստանցի վարորդների խնդրի մասին

ԵԱՏՄ երկրներից բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածքում գտնվելու նորմերը մշակվում են, դինամիկան ընթանում է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Երնար Բակենովը:

Նա նշել է, որ ժամկետի երկարաձգման վերաբերյալ կա ՌԴ կառավարության արձագանքը։

«Ռուսաստանի կողմից տեսնում ենք դրական դինամիկա և արձագանք», – ասել է Բակենովը։

Նրա խոսքով` ներկայում բանակցություններ են ընթանում և պետք է սպասել դրանց ավարտին, որպեսզի ապահովվի համապատասխան մարմինների գործողությունների առավելագույն համաժամացումը:

Հիշեցնենք` 2025թ–ի հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։

Նշենք, որ հայաստանցի վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում այս սահմանափակումների դեմ` նշելով, որ 90 օրը քիչ է, քանի որ շատ ժամանակ ուղղակի ստիպված են լինում օրերով կանգնել Լարսում առաջացող հերթերի մեջ։ Երեկ երեկոյան էլ նրանք որպես բողոքի նշան փակել էին հայ-վրացական սահման տանող ճանապարհները Բավրայում, Բագրատաշենում և Գոգավանում։

Sputnik Արմենիա