Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 37 անձ է ձերբակալվել, որոնցից 29-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 33 անձ է ձերբակալվել։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Շիրակի մարզի տարբեր քաղաքների, նաև Լոռու, Արմավիրի, Արարարատի մարզերի ՁՎՊ-ներ, քանի որ Գյումրու ՁՎՊ-ում ընդամենը 6 անձի համար տեղ կա։ Ձերբակալվածների թվում նաև անչափահասներ կան։
Ըստ ՔԿ-ի՝ հոկտեմբերի 20–ին Գյումրու համայնքապետարանի մոտ հավաքված մի խումբ անձինք տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:
«Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»,- հայտնում են ՔԿ-ից։
Արդյունքում 19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: